29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 109 կողմ ձայնով։
Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։
Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: