ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ առաջարկների նախագիծ էր ներկայացրել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը չընդունվեց` 14 կողմ, 77 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։
Խմբակցությունն առաջարկել էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը։ Թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Վերաբացել մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը, պրոթեզավորման կենտրոնները և այլն։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: