կարևոր
1038 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-13 18:21

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. Տիգրան Ավինյան

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ նվազագույնը տեսանելի ապագայում Հայաստանը  պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չի ունենալու: Ավինյանն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը:

«Պարենային անվտանգության խնդիրն առաջնային խնդիրներից մեկն է, որ մեր առջև դրված է: Եվ տեղական արտադրության, և ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում: Տնտեսական բլոկի առաջնորդությունը տարվում է ՀՀ վարչապետ կողմից: Համոզված եմ, որ այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում այդ հարցերը: Իսկ ինչ վերաբերվում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, մենք,  նվազագույնը, համոզված ենք, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, սակայն նշեց. «Այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում, համեմատում 2018-ի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքներում: Այդպիսի ապրանքների ցանկում է կարագը: Կան այլ ապրանքներ, որոնց գինը  ևս 2018-ի համեմատ, նվազել է: Սակայն արտարժույթի գների տատանումները և այլ լոգիստիկ խնդիրները բերում են գների որոշակի տատանումների»:

ՀՀ ազգային ժողովը քննարկում է արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու հարցը: Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: