կարևոր
1417 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 15:41

Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է վարակակիրների հետ շփված 3029 անձ

Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է վարակակիրների հետ շփված 3029 անձ

Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 315 անձի հետ շփված 3029 մարդ։ Այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Արդեն իսկ գործարկվել է տեղորոշման այն գործիքը, որի մասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, որի միջոցով համակարգն ավտոմատ տեղորոշում է անձանց շրջանակը, որոնք կոնտակտ են ունեցել վարակակիրների հետ։ Այս պահի դրությամբ` գործիքը մեզ 315 արձանագրված դեպքից տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ, նրանց հետ կապ է հաստատվել։ Այդ անձինք չեն գտնվել «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն»-ի ցուցակներում, ինչը նշանակում է, որ սա հավելյալ 3000 անձ է, որոնք 14 օր հետո կարող են դառնալ վարակակիր»,- ասաց Ավինյանը։

ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։