Ֆրանսիական ՊՍԺ-ի մի շարք ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերի ընթացքում առանց վճարվելու կարող են հեռանալ ակումբից:
Այս մասին գրում է Marca-ն: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում 4 ֆուտբոլիստների` Էդիսոն Կավանիի, Տիագո Սիլվայի, Տոմա Մենյեի և Լեյվին Կուրզավայի պայմանագրերի ժամկետներն ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին` հունիսի 30-ին: Ֆուտբոլիստները կստանան ազատ գործակալի կարգավիճակ և կարող են հեռանալ թիմից:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում: