կարևոր
1122 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 11:14

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը

Թուրքիայի ներքին գործերի նախարար, նախագահ Էրդողանի հավատարիմ զինակից Սուլեյման Սոյլուն ապրիլի 12-ի ուշ երեկոյան հայտարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Պատճառը ՆԳ նախարարության կողմից  անակնկալ կերպով ապրիլի 10-ի ժամը 00։00-ից մինչ ապրիլի 13-ի նույն ժամը Թուրքիայի 31 նահանգի խոշոր քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի հետևանքով առաջացած խառնաշփոթն է։ Արգելքի մասին հայտարարվել էր ուրբաթ գիշերը՝ դրա ուժի մեջ մտնելուց 2 ժամից առաջ, ինչի հետևանքով այդ բոլոր քաղաքներում մարդիկ շտապել են խանութներ առաջիկա 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ գնելու։ Դա էլ մեծ հերթերի ու կուտակումների պատճառ էր դարձել՝ ստեղծելով լուրջ ռիսկեր կորոնավիրուսի համաճարակի տարածման տեսանկյունից։

Այնուհետև բոլոր կողմերից քննադատության սլաքներն ուղղվել էին ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի դեմ, որն էլ ընդունել էր կազմակերպչական առումով իր թույլ տված սխալներն ու հրաժարականի դիմում գրել։ 

Սոյլուի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչությունը, ինչից պարզ է դառնում, որ Էրդողանը չի ընդունել նախարարի հրաժարականը։

«Նախարարն իր հրաժարականը ներկայացրել է նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել»,- ասված է նախագահականի հայտարարության մեջ։