Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին որոշ ժամանակ բուժում է ստացել Մարտունու բուժկենտրոնում։ Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված կինը թոքաբորբ է ունեցել, ինչի դեմ էլ բուժվելիս է եղել։
«Նրան բուժած բժիշկն ու քույրն այժմ թեստ են հանձնել` սպասում ենք պատասխանին»,- ասել է Ավետիսյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակվածի տան անդամները մեկուսացված են, և այժմ մարզպետարանը, ոստիկանները և ԱԱԾ–ն զբաղվում են նրա հետ շփվածների շրջանակը բացահայտելով։
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ ապահովության համար հիմա փակ ռեժիմի են անցել, որ եթե ԲԿ–ի ներսում արդեն վարակվածներ լինեն, շրջանակը չմեծանա։ Տնօրենը հայտնեց, որ բուժաշխատողները կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումներ են անցնում։
«ԲԿ–ում 57 բժիշկ կա։ Կորոնավիրուսով վարակված կնոջ այստեղ գտնված օրերին աշխատել ենք օրենքով սահմանված կարգով ու մեր ռեժիմով։ Հիմա շղթան ենք փորձում բացահայտել` ում հետ է շփում ունեցել»,–հայտնել է Ավետիսյանը։
Հարցին, թե արդյո՞ք այս դեպքում էլ «Գյումրի» ԲԿ-ի պես կարիք չի լինի ողջ անձնակազմին մեկուսացնել` տնօրենը պատասխանեց, որ քանի դեռ չկան թեստավորում անցածների պատասխանները, կանխորոշումներ անել չի կարող։
Հիշեցնենք, որ «Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցները մեկուսացվել են, քանի որ նրանք շփվել են քաղաքացու հետ, որը վարակակիր է եղել, սակայն բժիշկները չեն իմացել այդ մասին։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ`Գեղարքունիքում հայտնաբերված դեպքին, ապա այն մարզում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է։ Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է։