կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 18:53

Վիրահայոց թեմն օգնություն է ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին

Վիրահայոց թեմն օգնություն է ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին

Վիրահայոց թեմում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, բարի ավանդույթ է դարձել միայնակ ծերերի Սուրբ Հարության տոնը շնորհավորել զատկական նվերներով: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կայքէջից։

Թեև աշխարհում իրավիճակը փոխվել է, կորոնավիրուս կոչվող համավարակի այս օրերին առավելապես է զգացվում ծանր և անելանելի կացության մեջ հայտնված բազում ընտանիքներին աջակից դառնալու, օգնության ձեռք մեկնելու կարևորությունը: Հետամուտ լինելով Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բոլոր ընտանիքներում փոքր ի շատե տոնական դարձնելու նպատակին, Վիրահայոց թեմն այս անգամ էլ իր օգնությունը ցուցաբերեց կարիքավորներին:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Արկադի Հովակիմյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից և մյուս հայ բարերարների (ովքեր չցանկացան նշել իրենց անունները) միջոցներով և տարբեր մթերքներով պայուսակներ ստացան երկու եկեղեցիների 75 ընտանիքներ:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանին և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանին, երկու եկեղեցիների հոգևոր և սարկավագ դասին՝ Սուրբ Հարության տոնը տարեցներին զատկական նվերներով շնորհավորելու ավանդույթը շարունակելու համար:

Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը և մարդկանց կուտակումներ թույլ չտալու հանգամանքը, Թեմակալ Առաջնորդի կողմից գնահատանքի խոսքեր ուղղվեցին կամավորներին, Թեմի երիտասարդական բաժնի անդամներին, ի մասնավորի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովային և աշխատակից Էմիլ Սարգսյանին, զատկական նվերները ընտանիքներին տուն առ տուն բաժանելու համար:

92576094