կարևոր
3577 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 13:02

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փորձել է արդարանալ. պարզաբանել է՝ կարգախոսի ընտրության նպատակը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 10-ի՝ ուշ գիշերին, ֆեյբուքյան էջում տարածած հայտարարությամբ փորձել է արդարանալ եւ բացատրել իրենց կողմից նախաձեռնած «Հիշում եմ» խորագրով շարժումը, որով առաջարկվում էր Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ֆեյբուքյան օգտատերերի լուսանկարները ձեւավորել «Հիշում ենք» արտահայտությամբ շրջանակներով։

Հայտարարությանը նախորդել էր «Երկրի մեդիա»-ի եթերում մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի «Անկեղծ ասած» հաղորդման շրջանակներում քննադատությունը, ուր անդարդարձ էր կատարվել Ցեղասպանության ոգեկոչումը լոկ հիշողությամբ սահմանափակելու մոտեցմանը, հիշեցնելով, որ տասնամյակներ շարունակ այդ հիշողությունը զուգակցվել է պայքարով եւ պահանջատիրությամբ։

Թանգարանը հայտարարության մեջ նշել է. «Այս նախաձեռնությունը որեւէ կապ չունի 100-ամյակի հայտնի կարգախոսի հետ: 100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին «Հիշողության երթ» կազմակերպել, կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով։ Քանի որ համաճարակային իրավիճակը կարծես թե թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, մենք որոշեցինք «Հիշողության երթ»-ը տեղափոխել վիրտուալ հարթություն»:

Միայն հիշելու կոչը լայն քննադատական արձագանքի է արժանացել Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր համայնքներում:

Կից ներկայացնում ենք մեր գործընկեր Գեղամ Մանուկյանի «Անկեղծ ասած» հաղորդման տեսագրությունը: