կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-11 11:15

ԱՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-նշված է հայտարարությունում: