կարևոր
1811 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 22:08

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի, այդ թվում` նավթ արտահանող երկրների կազմակերպության «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը ՌԴ նախագահին տեղեկացրել է նավթարդյունահանող մի շարք երկրների ղեկավարների հետ ունեցած իր շփումների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-ամերիկյան խորհրդակցությունները այս թեմայի շուրջ։

«Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները:

Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների որոշ կարևոր ոլորտների, այդ թվում ՝ տիեզերական համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։