կարևոր
2178 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 21:25

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. գարնանացանը կավելանա 200 հեկտարով

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. գարնանացանը կավելանա 200 հեկտարով

Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունները 2020 թվականի գարնանը նախատեսում են կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով  ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ (հաճար)՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ապրիլի 10-ի դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:

2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:  

Ընթացքի մեջ են գյողատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:

Նշենք, որ մարզից գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով, վերջիններիս կողմից  այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:  

Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից /Վրաստանից/:

Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:  

Հայտատու շահառուներից 65%-ը ներդրումները պատրաստվում են ուղղել անասնապահության բնագավառ (մոտավորապես 50-55%-ը միայն անասնապահություն), մյուս մասը ըստ հերթականության` դաշտավարություն, այգեգործություն, ջերմատնային տնտեսություն և այլն: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են հիմնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից:

Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին, ապա պիտի փաստենք, որ  «Կոտայք» ՋՕԸ-ն ամբողջ ծավալով իրականացնում է նախապատրաստական աշխատանքները: Վերջիններս հավաստիացրել են, որ ոռոգման սեզոնը մեկնարկելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու աշխատանքներին:  «Կոտայք» ՋՕԸ-ի կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է  0,5 կմ ոռոգման ցանցի նորոգման, 8.28 կմ ոռոգման ցանցի մաքրման և 4 ՀՏԿ- երի ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ:

Կոտայքի մարզում գյուղացիական տնտեսությունները լիարժեք պատրաստ են իրականացնելու գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները: Խոչընդոտ հանդիսացող միակ գործոնը եղանակային պայմաններն են:

Հուսանք, որ բնությունը  բարեհաճ կգտնվի մեր գյուղացիական տնտեսությունների հանդեպ և եղանակային որևէ տհաճ անակնկալ չի խանգարի գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: