կարևոր
1466 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-10 21:14

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

Ագարակի դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրմամաբ տարեկան կխնայվի 1,8 մլն դրամ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակում համակարգվող փոքր դրամաշնորհի միջոցով «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունն  իրականացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերազինման ծրագիրը՝ արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Թվով 672 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համակարգը մինչև ծրագրի իրականացումը գործել է ոչ էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով, որոնց քանակությունը նույնպես սահմանափակ է եղել: Ձմռան ընթացքում էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը հնարավոր է եղել կրճատել ջեռուցման նոր համակարգի ներդրմամբ, որի միջոցով խնայվել են զգալի միջոցներ։ Ամրացվել է դպրոցի տանիքը։ Անց է կացվել ամբողջությամբ նոր հողանցման կոնտուր։

Քաղաքի միակ դպրոցի տանիքին տեղադրվել են թվով 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակներ։ Բոլոր դասարանները համալրվել են տաքացուցիչներով (120 տաքացուցիչ և 40 կարգավորիչ)։ Այժմ դպրոցի ջեռուցումն իրականացվում է սմարթ համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը։ Ծրագրի ավարտից ի վեր դպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար հոսանքի սպառման դիմաց գումար չի վճարել։ Տարեկան խնայողությունը կազմում է շուրջ 1,800,000 ՀՀ դրամ։ Նախկին 14° C-ի փոխարեն այժմ ձմռան ամիսներին բոլորդ դասարաններում ապահովվում է 21-22° C ջերմաստիճան։

Դպրոցը համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդով, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսնել կանաչ էներգիայի արտադրման ողջ գործընթացը։

Արևային կայանը հնարավորություն ունի միանալու առցանց մշտադիտարկման համակարգին՝ դիտարկելու համար կայանի արտադրած էներգիայի չափն ու արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։