Հայաստանում մինչև օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման մոտ 6500 թեստավորում, այսօրվանից օրական կարվեն ավելի մեծ թվով թեստեր: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մինչև օրս արվել է մոտ 6500 թեստ: Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են, և մենք ավելի շատ թեստեր կիրականացնենք՝ կապված նաև համաճարակաբանական վիճակով, այդ ամենը պայմանավորված է հիվանդացության տարածվածությամբ: Եվ ամենօրյա կատարվող թեստերի քանակը կավելանա: Մենք նպատակ ունենք դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց՝ PSR թեստերի պատասխանները չեն տրվում ավելի շուտ, քան 48 ժամը, իսկ Հայաստանում լինում են դեպքեր, երբ տրվում է օրինակ 10 ժամից, լինում են դեպքեր, երբ տրվում է 24 ժամից: «Երբեմն լինում է նաև թեստը կրկնելու կարիք: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր լաբորատորիայի աշխատակիցները վերջին մեկ ամսում աշխատել են 24-ժամյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ: Եվ դա նույնպես կարող է մեծացնել սխալվելու հավանականությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ: Ռեժիմի հարցեր էլ կան: Մենք փորձելու ենք գիշերն ընդհանրապես թեստեր չանել, որպեսզի չսխալվենք»,-ասաց նախարարը: