ԽՍՀՄ խնայբանկերում ավանդներ ներդրած 4890 անձինք նախորդ տարի պետությունից ստացել են սոցիալական աջակցություն: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
«4890 ավանդատուի սոցիալական աջակցություն է տրամադրվել: Այդ ծրագիրը չենք անվանում փոխհատուցում: 2019-ին դա գործել է մինչև 1934 թ. ծնվածների համար: 2020 թվականին այն տարածվում է մինչև 1935-1936 թթ. ծնվածների վրա»,-ասաց Բաթոյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչու է դա կոչվում սոցիալական աջակցություն: Նա նկատեց՝ մարդիկ կարող են վիրավորվել, երբ իրենց ավանդը ետ ստանալը համարում են աջակցություն:
Նախարարը հստակեցրեց՝ դա փոխհատուցում չէ, քանի որ պետության իրավահաջորդը լինելու հարց կա: Հայաստանը չի հանդիսանում իրավահաջորդ այն երկրի, որի խնայբանկներում ներդրվել են այդ ավանդները:
Բաթոյանը նշեց, գործընթացը շարունակվում է: Տարեկան շուրջ 6-7 հազար մարդ ստանում է այդ աջակցությունը:
Աննա Գրիգորյան