կարևոր
2355 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-10 13:00

Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք

Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք

Հայաստանում սոցիալական աջակցության ոլորտում նպաստի համակարգում 2019-ին գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, նպաստ է ստացել նրանցից 86 հազար 700-ը:  

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Սոցիալական աջակցության ոլորտում փորձել ենք համակարգային լուծումներ բերել: 2020-ին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, և գործընթացը շարունակվում է: Նպաստի համակարգում գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, որոնցից 86 հազար 700 ընտանիք ստացել է նպաստ: Նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Մյուս դեպքերում եղել է միանվագ, եռամսյակային աջակցություն կամ հրատապ օգնություն»,-ասաց Բաթոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին սոցիալական աջակցության ոլորտում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու հնարավորություն են ստեղծել 1001 ընտանիքի համար: Դա նշանակում է, որ նպաստի համակարգում ընդգրկված մարդիկ, բացի ֆինանսական աջակցությունից, ստացել են այս գործունեությամբ զբաղվելու և միևնույն ժամանակ նպաստի համակարգից դուրս չգալու հնարավորություն: Նախարարը նշեց, որ  դա հայտնի է որպես աղքատության փուլային հաղթահարման ծրագիր: Ծրագիրը շարունակվում է:

Աննա Գրիգորյան