Ապրիլի 9-ին կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և հետագա անելիքները։ 15 անդամ պետություններից բաղկացած ՄԱԿ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։ Տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդու և դարձել ավելի քան 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը։
Անվտանգության խորհուրդը հանդիպումից հետո կարճ հայտարարությամբ է հանդես եկել, որով իր աջակցությունն էր հայտնում ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։