ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու և քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Լուրը հաղորդում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Լրատվականի հրապարակած հոդվածի համաձայն քննչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռևս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել։ Ասել է թե՝ Քննչական կոմիտեն դեռ չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար, և գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե՝ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Եվ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին` ներկայանալու համար:
Օրաթերթը տեղեկությունը փորձել է պարզել ՀՀ քննչական կոմիտեից, ինչին ի պատասխան՝ ՔԿ լրատավական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է, որ մինչ քրեական գործը ՀՔԾ ուղարկելը ՀՀ քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանին քրեական գործի շրջանակներում ծանուցում է ուղարկել որպես վկա հարցաքննության ներկայանալու համար:
«Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-ասել է Ռիմա Եգանյանը: