կարևոր
647 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-09 16:34

ԱՀ ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, մրցակցային, բայց անհավասար պայմաններում. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ԱՀ ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, մրցակցային, բայց  անհավասար պայմաններում. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ԱՀ ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց  անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեից։

«Ի գիտություն ընդունելով Արցախի Հանրապետության  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, արձանագրում ենք.

Ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց  անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ:

Հաշվի առնելով մեր Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, գործադիր և օրենսդիր   իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը, ընդունում ենք ընտրությունների արդյունքները՝ ակնկալելով, որ հանուն ազատ, անկախ և կայուն զարգացող Արցախի՝ իշխանությունները կանեն համարժեք հետևություններ, մասնավորապես կապահովեն արձանագրված ընտրախախտումների անաչառ, համակողմանի քննությունը, իսկ առաջիկայում լրջորեն կանդրադառնան համակարգային փոփոխությունների սահմանադրական լուծումների մեր քաղաքական պահանջի  իրագործման և ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցերին:

Քարոզարշավի ընթացքում անդրադարձել ենք հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարությանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցավոք, մեր խոսքը լայնորեն չընկալվեց և խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր կուսակցությունը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացված կլինի երեք պատգամավորներով:

Մեր դիրքորոշումների հաստատուն հենքը՝ երկրի անվտանգությանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,  սոցիալական արդարությանը եւ օրենքի գերակայության ապահովմանը միտված աշխատանքներն են:

Շնորհակալություն ենք հայտնում ազատ ու գիտակցված ընտրություն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թվում՝ Հ.Յ. Դաշնակցության շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին:

Ապրիլի 14-ին նախատեսված ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները:

Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից և առկա քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի  նախագահի թեկնածուներից որևէ մեկին:

Անկախ քաղաքական հայացքներից, մեզ բոլորիս միավորում է հայրենիքի բարօրությունն ու զարգացումն առաջ տանելու վճռականությունը»,-ասված է հայտարարությունում։