կարևոր
1518 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 12:48

60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ Ռոմանոս Պետրոսյան

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը:

Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես,

Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրինության նախաձեռնությամբ 60 շահառու ընտանիքների տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ:

Սոցիալական մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել Նոր Գեղիի համայնքապետարանը և «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրությունը ներկայացնող «ՔԵՅ ԷՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:

Վերջիններիս կողմից Նոր Գեղի համայնքի ուսուցիչներին, մանկապարտեզների, համայնքապետարանի, Հայ Փոստի աշխատակիցներին, բուժաշխատողներին, կամավորներին, սբ․Հովհաննես եկեղեցու ծառայողներին տրամադրվել է «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրանքի տեսականուց:

Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ընկերությունը Ծաղկաձորի հանգստյան տներում մեկուսացված մեր համաքաղաքացիներին կրկին փոխանցել է իր արտադրանքի տեսականուց:

Սոլակ համայնքի նախաձեռնությամբ էլ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին:

Մեր համայնքներում շարունակվում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականանալ, իսկ ես դրան զուգահեռ, կրկին կոչ եմ անում և հորդորում այս օրերին ևս խստորեն պահպանել Պարետատան սահմանած սահմանափակումները, #մնալտանը և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ձեզ հետ ունենալով նաև հատուկ նմուշի ձևաթուղթը:

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնտեսվարողներին, անհատներին, կամավորներին՝ մեր կողքին գտնվելու և մեր համայնքներում նման ծավալի ծրագրերը կյանքի կոչելու համար:

Համոզված եմ՝ միասնական և համախմբված շատ արագ հաղթահարելու ենք այս ճգնաժամը:

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: