Անգլիական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները ժամանակից շուտ չեն ավարտի մրցաշրջանը: Այս մասին գրում է The Independent-ը:
Ըստ պարբերականի, այն լուրերը, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը կիսատ կմնա, սուտ են: Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն առաջնության խաղերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել Պրեմիեր լիգան վերսկսել հունիս ամսին: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա հնարավոր է, որ մարզումները վերսկսվեն մայիսին:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: