444 դիտում, 2020.04.08 19:54

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, եթե նրան տրամադրվի դրա տեսաձայնագրությունը

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, եթե նրան տրամադրվի դրա տեսաձայնագրությունը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ նշելով, որ նրանց պատասխանից է կախված նիստին մասնակցելու` Սերժ Սարգսյանի որոշումը:

Գրությունը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առանց խմբագրման.

«Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների:

Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:

Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել:

Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց:

Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:

Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը, ինչի մասին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր:

Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ապրիլի 16-ին ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. այդ մասին հայտարարություն էր տարածել նրա գրասենյակը:

կիսվել նյութով -