364 դիտում, 2020.04.08 18:16

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո քանի հոգի է մեկուսացվել այդ գործիքի կիրառման արդյունքում:

«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան», -ասել է Բադալյանը:

Նա հիշեցրել է, որ տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման՝ ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ ընդունված համապատասխան կարգով:

ՀՀ Ազգային ժողովը մարտի 31-իւ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել հեռախոսազանգերը։ Այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Այն գործելու  է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությակ ժամանակ, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու:

կիսվել նյութով -