կարևոր
2028 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 11:10

ՌԴ-ից բերված հետազոտական համալիրը ՀՀ ԶՈՒ-ում օրական կարող է անել 100 ՊՇՌ անալիզ

Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով «Զինուժ»-ի ռեպորտաժը:

Երկու շարժական համակարգեր ապրիլի 8-ից կանցնեն ծառայության Զինված ուժերում: Մեկը նմուշառու է, շրջելու է Զինված ուժերի բոլոր զորամասերում, ռազմական նշանակության օբյեկտներում և կատարելու է անհրաժեշտ գործողություններ: Հաջորդը շարժական լաբորատորիա է: Այստեղ հնարավոր է օրական մեծ քանակությամբ թեստավորում կատարել: 

Հայաստանում են նաև հակամահաճարակային ծառայության ռուս գործընկերները: Փորձառու խմբերը Հայաստանի ռազմաբժշկական ու ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության խմբերի հետ հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ տազմաբազայում իրականացնելու են համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Այսպիսի սարքավորումներն ակտիվորեն գործել են ու այսօր էլ շարունակում են մասնակցել հակահամահաճարակային միջոցառումներին Ռուսաստանում, Իտալիայում և Սերբիայում: 

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: