կարևոր
10210 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-07 19:16

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը շուրջ 294 հազար է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը շուրջ 294 հազար է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 362 հազար 687-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 76 հազարը: Ապաքինվել է ավելի քան 293 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 368 հազար 174 հաստատված դեպք կա: Մեկ օրում գրանցվել է 1100-ից ավելի վարակվածության նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 960-ը:

Մեկ օրում վարակվածության ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են Իսպանիայում, որն ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը կազմում է 3 հազար 835, ընդհանուր թիվը՝ 140 հազար 510: Իսպանիայում վարակից մահացել է 13 հազար 798 մարդ:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 հազար 547 է: Վարակից մահացել է 16 հազար 523 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 103 հազար 717 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 822: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 98 հազար 010 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 911 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 740 ընդհանուր և ընդամենը 32 նոր դեպքերով։ Պատասխանատուները նշում են, որ նոր դեպքերը բերովի են: Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում մահվան դեպք չի գրանցվել:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 872: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 51 հազար 608 է, Թուրքիայում՝ 30 հազար 217 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 242։ Եվրոպական երկրներից Բելգիայում նկատվում է վարակվածության թվի զգալի աճ: Մեկ օրում այստեղ վարակվածների թիվն ավելացել է 1380-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 22 հազար 194:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 195 դեպք կա, Ռուսաստանում` 7 հազար 497:  ՌԴ-ում մահացել է 58 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 76, այստեղ գրանցվել է մահացության 11 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 1832 մարդ, այստեղ մահացությունները ԱՄԷ-ի համեմատ ավելի քիչ են: Վարակից մահվան 4 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 85 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1322: Իրաքում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է, մահացության ցուցանիշը 64 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 4 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 756 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 743: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ, ինչպես նաև Լիբիան, որտեղ գրանցվել է վարակվածության 19, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը: