438 դիտում, 2020.04.07 15:24

Դատախազների որոշումներով 9 մեղադրյալ ազատ է արձակվել

Դատախազների որոշումներով 9 մեղադրյալ ազատ է արձակվել

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատախազների որոշումներով մինչև ապրիլի 6-ը ներառյալ փոփոխվել են 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ գործընթացը շարունակվում է, առկա են արդեն իսկ դատարաններ ներկայացված այլ միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:

Ավելի վաղ դատախազների նախաձեռնությամբ ազատ էր արձակվել 2 կալանավոր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և  խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։

կիսվել նյութով -