298 դիտում, 2020.04.07 13:45

ԿԳՄՍ նախարարությունն անապահով ընտանիքների աշակերտների համար հավաքել է մոտ 600 համակարգիչ, հեռախոս

ԿԳՄՍ նախարարությունն անապահով ընտանիքների աշակերտների համար հավաքել է մոտ 600 համակարգիչ, հեռախոս

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտների համար հեռավար ուսուցումը մատչելի դարձնելու համար հավաքել է մոտ 600 միավոր տեխնիկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք տեխնիկան հավաքում ենք Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ Արդեն իսկ հավաքագրել ենք 600 միավոր տեխնիկա՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ, ընդ որում դրանց մեծ մասը ամբողջովին նոր է։ Տեխնիկայի հետ տրվում են նաև ինտերնետ քարտեր։ Մենք այս ամբողջը տրամադրել ենք մարզերի դպրոցներին, և նրանք էլ ժամանակավորապես տրամադրել են անապահով ընտանիքների աշակերտներին։ Նվիրաբերությունները եղել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից»,- նշեց Անդրեասյանը։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։

Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում առժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով համակարգն անցել է հեռավար ուսուցման։

 

կիսվել նյութով -