230 դիտում, 2020.04.07 13:26

ՔԿԾ-ն միջոցառումներ է իրականացնում ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ

ՔԿԾ-ն միջոցառումներ է իրականացնում ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։  

Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի տարբեր ռեժիմային մասնաշենքերում պահվող թվով 2 կալանավորված անձի և 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից և ուղեկցել մեկ այլ խուց` դատապարտյալներ, նույն քրեակատարողական հիմնարկում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ի, ինչպես նաև Դ.Հ.-ի մոտ, որտեղ վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը (խնդիրը) լուծելու նպատակով շուրջ 15 րոպե վիճաբանել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ։Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Բացի այդ՝ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Այսպես` 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ում մոտ արձանագրվել է մինչ այդ նրա կողմից քրեակատարողական հիմնարկ մտցված բջջային հեռախոսի բացակայությունը։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ ծառայողը, խախտելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին: Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ևս ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

 

կիսվել նյութով -