506 դիտում, 2020.04.07 02:58

«Երկիր մեդիա»-ն իր լավագույն մաղթանքներն է հղում Հայ կանանց ու մայրերին Մայրության ու գեղեցկության տոնի առիթով

«Երկիր մեդիա»-ն իր լավագույն մաղթանքներն է հղում Հայ կանանց ու մայրերին Մայրության ու գեղեցկության տոնի առիթով

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Սուրբ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ:

Ապրիլի 7-ը Հայաստանում հռչակված է նաեւ որպես Մայրության ու գեղեցկության տոն: Անկախությունից հետո Ավետման տոնը մեկն է մեր այն ազգային-եկեղեցական տոներից, որը թոթափեց խորհրդային շրջանի արհեստական մոռացության փոշին և իր արժանի տեղը վերագրավեց մեր տոնացույցում: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորդող ազդակ դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, համաձայն որի` վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը: Տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:


«Երկիր մեդիա»-ն իր լավագույն մաղթանքներն է հղում Հայ կանանց ու մայրերին այս հրաշալի տոնի առիթով։ 

կիսվել նյութով -