552 դիտում, 2020.04.06 21:32

Պետական բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանում

Պետական բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մարտ ամսվա համար պարգևավճար չեն ստանում, այդ գումարն ուղղվում է հակաճգնաժամային միջոցառումներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Իմ որոշմամբ մարտ ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանում, և այդ գումարն ուղղվում է մեր հակաճգնաժամային միջոցառումներին: Սակայն դա ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ այդ գումարն իր ֆիզիկական արժեքով չնչին գումար է»,-ասաց Փաշինյանը:

Այնուամենայնիվ, անդադառանալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը պարգևավճարների հաշվին՝ վարչապետը հիշեց, որ նախկինում, որպես ընդդիմադիր գործիչ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները ցինիզմ է որակել, քանի որ այդ բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը: Նա վստահեցրեց՝ հիմա պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր և յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի: Եվ վարչապետը համարում է, որ այդ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության շնորհիվ է նաև հնարավոր եղել 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ  բարձրացրել, 2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 1 մլրդ 100 մլն դոլարով:

«Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, որովհետև բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում մի պարզ պատճառով, որ անհրաժեշտ մասնագիտական հմտություն ունեցող կադրեր հաճախ հնարավոր չի լինում ներգրավել պետական կառավարման համակարգում: Եվ մեր պատկերացումը հետևյալն է՝ մենք պետք է կրճատենք պետական կառավարման համակարգի աշխատողների քանակը, բարձրացնենք աշխատավարձը, որ մեկ աշխատողից ավելի շատ ու ավելի կարևոր արդյունք կարողանանք արձանագրել»,-ասաց Փաշինյանը:

 

կիսվել նյութով -