ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի պատասխանեց նաև գնաճին վերաբերող հարցին, հաստատելով, որ ապրանքների որոշ թանկացումներ, տեղի են ունեցել, և դրանք անհանգստացնում են կառավարությանը։
«Մենք էլ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- նշեց Նիկոլ Փաշինյանն արձանագրելով, որ 2018-2019թթ․ և 2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի՝ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրվել էր 0.3% գնանկում։
«Թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթային տատանումների հետ։ Այս ռիսկը կառավարելու համար Կառավարության հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից։ Եվ այս գործիքի կիրառմամբ, որն արդեն սկսել է գործել, մենք պիտի աջակցենք, օգնենք, նաև վերահսկենք, որ գների անվերահսկելի, անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացել էին ԵԱՏՄ կանոնների համաձայն, միաժամանակ հիշեցրեց, որ իրենք բանակցել են, և Հայաստանի համար այդ տուրքերը վերադարձել են նախկին մակարդակին։
«Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերն առաջիկա վեց ամսիսների համար կիջնեն, մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների։ Եվ մենք համոզված ենք, որ սա որոշակիորեն կմեղմի գնաճը, և ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճներ տեղի չունենան»,- ասաց նա։
Փաշինյանը խնդրեց, որ չվախեցնենք ինքներս մեզ, թե սով կլինի՝ նշելով, որ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողվուրդն էլ՝ աշխատող ժողովուրդ, և մենք իրար հետ բոլոր դժվարությունները կհաղթահարենք։
«Հայաստանն ունի բավարար պաշարներ։ ՏՄՊՊՀ նախագան ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է առավոտյան՝ ինչ է տեղի ունենում շուկայում, և մենք որոշակի հսկողության տակ ենք պահում։ Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։