ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու կենսաթոշակային տարիքի չհասած այն քաղաքացիների հարցը, որոնք աշխատանքի տեղավորման խնդիր ունեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասանելով 59-ամյա քաղաքացիներից մեկի այն հարցին, որ թեպետ կենսաթոշակային տարիքին դեռ չեն հասել, սակայն աշխատանքի չեն կարողանում ընդունվել: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդունված հակաճգնաժամային փաթեթներից ոչ մեկը զուտ տարիքային հարցերի հետ կապված չէ:
«Հասկանում եմ, որ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և մենք հիմա քննարկում ենք անցկացնում ընտանեկան նպաստների բարեփոխումների համատեքստում՝ հասկանալու, թե այս առումով ինչ կարող ենք անել համակարգն արդյունավետ դարձնելու համար: Այստեղ ես կցանկանայի ասել, որ ինչպես 55, այնպես էլ 60, 62 տարեկան մեր շատ քաղաքացիներ լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք այնպիսի ծրագրեր, որոնց շրջանակում նրանք աշխատաշուկայում մրցունակ կդառնան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր երկրի տնտեսական զարգացման առումով կարևոր պետք է լինի ոչ թե այդ տարիքի մարդկանց թոշակով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնելը, որպեսզի լինեն մրցունակ: Ըստ վարչապետի՝ այս ուղղությամբ լուրջ անելիք ունեն:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տարբեր սոցիալական խմբերի աջակցության համար ՀՀ կառավարությունը ինը միջոցառում է ընդունել։