364 դիտում, 2020.04.06 18:02

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անհապաղ չեղարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անհապաղ չեղարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ այլ հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

Հայտարարությունը՝ ստորև.

«Ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով։

Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։

Մասնավորապես,

Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ և ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձևակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել հայեցողությամբ։ 

Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։

Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։

Այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, և սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը` մյուս կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը, քանի որ այն չի համապատասխանում Տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին»։

1. ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (միավորում է 230-ից ավելի ՔՀԿ-ներ)
2. ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
3. ԷԿՈ-ՄԵԴԻԱ ՑԱՆՑ
4. ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ
5. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
6. «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ԼԵԶՎԻ ԵՎ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԴՊՐՈՑ
7. «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
8. «ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
9. «ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 20»
10. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ
11. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

կիսվել նյութով -