կարևոր
1843 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 17:16

Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները

Ոռոգման շրջանին ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների մաքրման և պոմպակայանների նորոգման լայնածավալ աշխատանքներ:

Մաքրման աշխատանքներն առաջնահերթության կարգով իրականացվում են Արմավիրի և Արարատի մարզերում՝ հաշվի առնելով այս մարզերում ոռոգման շրջանի վաղ մեկնարկը:

ՏԿԵՆ ջրային կոմիտեի, «Ջրառ» ՓԲ ընկերության և ջրօգտագործող ընկերությունների ջանքերով կենցաղային, շինարարական աղբից մաքրվել և վերականգնվել են ջրամատակարարման համակարգերի շուրջ 4500 կիլոմետր երկարությամբ հատված: Մաքրվում է Արաքս գետից սնվող մայր ջրանցքը:

«Ջրառ» ՓԲ ընկերության կողմից մաքրման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատի, Թալինի, Արմավիրի մայր ջրանցքներում, Քասախի ոռոգման համակարգում, ինչպես նաև Մխչյանի, Ռանչպարի, Ազատի քառաստիճան, Ակնալճի պոմպակայաններում:

Ոռոգման շրջանի մեկնարկին Արմավիրի և Արարատի մարզերում գործող ոռոգման համակարգերը լիովին պատրաստ կլինեն անխափան ջուր մատակարարել գյուղացիական տնտեսություններին:

Հավելենք, որ ՏԿԵՆ ջրային կոմիտեն ընթացիկ գյուղատնտեսական տարում նախատեսել է հանրապետությունում անցած տարվա համեմատությամբ 3000 հա ավելացնել ոռոգելի տարածքները:

Արփա-Սևան թունելով արդեն իսկ Սևան է տեղափոխվել 34 մլն 567 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26. 5 մլն խմ փոխարեն: