կարևոր
1954 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 14:27

Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիտը չի կայացել

Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիտը չի կայացել

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիտը չի կայացել՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը։

Հաջորդ դատը տեղի կունենա, հավանաբար, ապրիլի 20-ին։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Տարոնի Սանասարյանի, Սամվել Օլեգի Ադյանի, Գևորգ Ռոբերտի Խաչատրյանի, Տարոն Մարտիրոսի Ավետիսյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Կիմի Բալայանին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: