1330 դիտում, 2020.04.06 11:36

Թուրքիայում 288 օրյա հացադուլից հետո մահացել է հեղափոխական Grup Yorum երաժշտախմբի մեներգչուհին

Թուրքիայում 288 օրյա հացադուլից հետո մահացել է այդ երկրում արգելված հեղափոխական Grup Yorum երաժշտախմբի մեներգչուհի Հելին Բյոլեքը։ Դիարբեքիրցի 28-ամյա երգչուհին եւ իր խմբակից Իբրահիմ Գյոքչեն 2019 թվականի մայիսի 17-ի ձերբակալվելուց հետո, ցմահ հացադուլի հայտարարություն էին արել։ Երաժիշտները բողոքում էին իրենց խմբի նկատմամաբ թուրքական իշխանությունների քաղաքական հետապնդումների, պարբերական դարձած հարձակումների ու խուզարկությունների դեմ։

2019 թվականի նոյեմբերին երգչուհուն ազատ էին արձակել, սակայն նա, իրենց խմբի կենտրոնակայանում շարունակել էր հացադուլը։ Ոստիկանությունը մեկ շաբաթով նրան բռնի ուժով տեղափոխել էր հիվանդանոց, բայց երգչուհին չէր հրաժարվել իր բողոքից։

Վերջինիս թաղումը եւս վերածվել է ոստիկանական բռնության հերթական ցուցադրության։ Թափորին թույլ չեն տվել դին տանել ալեւիների հոգեւոր վայրը։ Թափորի մի շարք մասնակիցների ոստիկանությունը ձերբակալել է։

Grup Yorum-ը Թուրքիայի ամենահայտնի ձախակողմյան հեղափոխական երաժշտախմբերից մեկն է, որը ստեղծվել է 1980 թվականի Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո։ Անցնող տասնամյակներում բազմաթիվ երաժշիտներ ձերբակալվել են, ենթարկվել կտտանքների, նրանց համերգները պարբերաբար արգելվել են։ Իսկ թույլատրված համերգներին հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Խումբը թողարկել է 23 ալբոմ ու մեկ տեսաֆիլմ։

կիսվել նյութով -