1304 դիտում, 2020.04.05 21:00

Կարևոր է, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը. Արայիկ Հարությունյան

Կարևոր է, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով միջադեպի, երբ երեխայի ծնողը զանգահարել և տեղեկացրել է, որ տանն ունեն մեկ հեռախոս, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողը նշել է, որ ուսուցիչը դժգոհել է։

«Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը:

Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու (իհարկե, պարտադիր կճշտեմ տեղեկության իսկությունը), որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին: Ներառական այս միջավայրում անհատական մոտեցումը շատ կարևոր է:

Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»,-նշել է նախարարը։

կիսվել նյութով -