718 դիտում, 2020.04.05 19:14

Մարալիկում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 68-ամյա տղամարդ է․ Գյումրու ԲԿ-ում առանձնացրել են նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի․ Արմեն Իսահակյան

Մարալիկում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 68-ամյա տղամարդ է․ Գյումրու ԲԿ-ում առանձնացրել են նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի․ Արմեն Իսահակյան

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակված քաղաքացին 68-ամյա տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։  Այս մասին YERKIRMEDIA.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը  հավելելով, որ վարակված տղամարդը արտերկրում  չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, իսկ թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել։ Այս ամենից հետո նոր մենք ընդունել ենք  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ կենտրոնն ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և կատեով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ նոր պարզվեց, որ վարակված է կորոնավիրուսով: Դրանից հետո մենք առանձնացրել ենք նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի: Նրանք այժմ գտնվում են Գյումրիի հյուրանոցներից մեկում, մինեչւ 14 օր հետո թեստ հանձնեն ու վերադառնան աշխատանքի»,- մանրամասնեց Արմեն Իսահակյանը, տեղեկացնելով նաև, որ  տղամարդու շփման շրջանակը Մարալիկում մեծ չի եղել, այնտեղից էլ 8-9 հոգի մեկուսացրել են Ծաղկաձորում: 

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով` մարզում 8 հաստատված դեպք կար մինչեւ այս դեպքի  հայտնաբերվելը:

կիսվել նյութով -