Արցախի հանրապետության մայրաքաղաքում կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Օրվա երկրորդ կեսին սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացումը: Հարկ է նշել, որ աշխատանքների աշխարհագրությունն ընդգրկում է քաղաքի գրեթե ողջ վարչական տարածքը: Դրանց կատարմանը կցված են քաղաքապետարանին ենթակա` «Բնակարանային շահագործման տնտեսություն», «Ջերմային տնտեսություն», Թախթաջյանի անվան «Բուսաբանական այգի» և «Սանմաքրում» ընկերությունները:
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, մայրաքաղաքում համաճարակային վիճակը անվտանգ պահելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս մարտի 16-ին ու հետայսու ևս շարունակվելու են»,- ասված է ֆեյսբուքում հրապարակված հայտարարության տեքստում: