«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է «Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյանը։
«Այս պահին արտադրությունը կասեցված է, դեռ չենք որոշել մեր հետագա գործողությունները, վերլուծում ենք, սպասում ենք իրավիճակը կարգավորվի: Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում»,- ասել է Աֆրիկյանը։
Նրա խոսքով` պարզ չի, թե որտեղ է վարակվել աշխատակիցը, իսկ լուրը, որ աշխատակցի ծնողները նույնպես աշխատում են ձեռնարկությունում, չի համապատասխանում իրականությանը:
«Նրա ծնողները մեզ մոտ չեն աշխատում, այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքն էլ միայն մեկ օր է ջերմություն ունեցել, ու դրանից հետո ոչ մի սիմպտոմ չի ունեցել, բայց գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հավելել է նա:
Կարապետ Աֆրիկյանը նշել է, որ պարետատնից իրենց մոտ ստուգումներ կատարվում են, անընդհատ ախտահանվում է տարածքը, աշխատակիցներն էլ պահպանել են համաճարակի ժամանակ ցուցված կանոնները: