482 դիտում, 2020.04.04 14:17

ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և128 հանրային տարածք է ախտահանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ՝ 128 հանրային տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի ՀՀ քրեական կոմիտեում և Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում, Կոտայքի մարզպետարանի շենքում, Եղվարդի համայնքապետարանում, Աբովյանի նախկին գործկոմի շենքում, հանրային տրանսպորտի կանգառներում։ Այս ամենից բացի, ախտահանվել են 2 բեռնատար և ՀԱԷԿ տարածքը, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքն ամբողջությամբ:

Գործընթացն ամենօրյա բնույթ է կրում։ Ախտահանվում են ստորաբաժանումների բակերը, շենքերն ու շինությունները, տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

կիսվել նյութով -