906 դիտում, 2020.04.04 13:52

Զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

Զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ձերբակալվել է համածառայակիցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

կիսվել նյութով -