կարևոր
2115 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-04 12:57

Ապրիլի 4-ը ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

Ապրիլի 4-ը ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն:

Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել:  Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն:

2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի արաբական հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժ հաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: “Մենք ձեզ հետ ենք”, “Մի բուռ ժպիտ” խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին: