242 դիտում, 2020.04.04 12:15

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել. Արա Գալոյան

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել. Արա Գալոյան

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել: Այս  մասին իր հոդվածում գրել է տնտեսագետ Արա Գալոյանը:

«Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել: Այս անգամ իշխանությունները հույսը հավանաբար համաշխարհային տնտեսական գործընթացների հետ էին կապել: Որովհետև Եվրոպայից գազի գնի մասին տեւական ժամանակ «հուսադրող» լուրեր էին տարածվում: Եվրոպական երկրներում վերջին երկու տաք ձմեռների և այլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով ռուսական գազի գինը նվազում էր: Իսկապես փետրվարի սկզբին գազի բաշխման եվրոպական որոշ կայաններում գազի գինը նկատելի նվազել էր: Հազար խմ-ի դիմաց կենտրոնական բաշխիչ կայաններում գինը 95.7 դոլար էր իջել: Իսկ հոլանդական բաշխիչ կայանում տարեսկզբի 108.4 դոլարի փոխարեն գազը վաճառվում է 101.7 դոլարով: Բայց այս տեղեկության հետ ռուսական մամուլից կարելի էր ճշտել, որ Պետերբուրգի և Սմոլենսկի մարզերում գազը հազար խմ-ն 59 դոլարի փոխարեն իրացվում էր 84-85 դոլարով: Տնտեսական իմաստով այստեղ հակասություն չկա: Ռուսաստանն իր ներքին շուկայում իրացվող գազի սակագնին գումարում է արտահանման համար գանձվող 30 տոկոսանոց մաքսատուրքը: Իսկ արտաքին շուկայում գազի գնի նվազման վերը բերված թվերը ամբողջական ու ճիշտ պատկեր չեն ներկայացնում: Այն պատճառով, որ գազաբաշխիչ կայանների միջոցով իրացվում-վաճառվում է Եվրոպա մատակարարված գազի չնչին մասը՝ 5 տոկոս: Իրացվող հիմնական զանգվածի գինը որոշվում է կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Իսկապես հիմա եվրոպական երկրներում գազի գինը նվազագույնն է 2005թ․ հետո: Բայց միևնույնն է սպառման երկու-երրորդ ծավալը մատակարարվում է հիմնականում 120-130 դոլար գնով:

Հիմա, օրինակ, 2020թ․ վերջին եռամսյակի համար բանակցություններ գնում են 150-170 դոլարի շուրջ: Տարեվերջին սեզոնային պատճառներով գազի գինն ամենաբարձրն է: Հետևաբար գազ ներմուծող երկրները հաշվարկի հիմքում հենց այդ ժամանակաշրջանի գներն են դնում: Իսկ մյուս սեզոնների ավելի ցածր գինը կարելի է յուրօրինակ «բոնուս» համարել: Այս իմաստով այդ յուրատեսակ «բոնուսից» մենք օգտվել ենք տարիներ շարունակ: Թե՛ պետության, թե՛ տնտեսվարողի համար գազի սակագնի կայունությունը կարևոր ու օտար բառով ասած «կոնֆորտ» պայման է: Բայց, ի վերջո, գազը բորսայաշուկայական գնանշում չունի: Նույն ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է տարբեր գներով: Ու այդ գնային տարբերության հիմքում միայն շուկայական՝ տվյալ պահի ու հեռանկարային շուկայական գործոնները չեն:

Պարզ է, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա: Այդ բաղադրիչի հարցով մեր իշխանությունները, կարծես, հաջողության չհասան: Ուստի գործադրվեց հին՝ խորհրդային ժամանակներից մեր կառավարիչներին հայտնի մեթոդը: Դրա համաձայն՝ նախ շրջանառության մեջ դրվեց այն լուրը, որ «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է գնաճի 36 տոկոսանոց «խնդրանքով»: Հետո հասարակական շոկը կմեղմվի ավելի ցածր թվերի հրապարակմամբ, ու սպառողի սիրտը մի փոքր կհովանա: Կհովանա՝ «կարող էր ավելի վատ լինել» բանաձևի հանգույն: Այնպես, որ ոչինչ նոր չէ: Իսկ հիմա հնարավոր բանակցությունների ու դրանց հետևանքների մասին հրապարակ նետվող հակասական տեղեկատվությունն այս գործընթացն ավելի դյուրամարս դարձնելու համար է: Հասարակության համար դյուրամարս»,-ասվում է հոդվածում:

կիսվել նյութով -