366 դիտում, 2020.04.03 22:59

Վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին

Վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին

168.am-ի տեղեկություններով Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

Աղբյուրը նշել է, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Նշվում է նաև, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

168.am-ի հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն, ինչպես տեղեկացանք, Կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, աղբյուրն ասել է, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

168.am-ը տեղեկությունը փորձել է ճշտել Քաղաքացիական ավիացիայից: ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում նախ ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրել է, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Հայսեր Գասպարյանը 168.am-ին խնդրել է հարցերը գրավոր ուղարկել, և իրենք անպայման կպատասխանեն:

168.am-ը զրուցել է նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ` խնդրելով նրան ինֆորմացիա տրամադրել ունեցած տեղեկատվության վերաբերյալ, հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, և ի՞նչ զեկույց է ստացել Կառավարությունը:

Հակոբ Ճաղարյանը ենթադրել է, որ 168.am-ի ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՔԱԿ-ն է, որովհետև առայժմ կառավարության պատերից նման ինֆորմացիա դուրս չի եկել:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասել է վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է մեր ունեցած ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերեն լեզվով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,-ասել է վարչապետի խորհրդականը:

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել դա, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին: Հակոբ Ճաղարյանը ընդգծել է, որ ինքն աշխատում է միայն վարչապետի աշխատակազմում, կզեկուցի վերջինիս, և դրանից հետո միայն՝ ինչի թույլտվություն որ ինքը կունենա, կասի:

Հարցին, եթե զուտ տեսականորեն զեկույցը վատ գնահատականներ պարունակի ՔԱԿ գործունեության վերաբերյալ, դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել մեր քաղավիացիայի համար, Հակոբ Ճաղարյանը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է գրված զեկույցում:

«Հազար ու մի բան կարող է լինել: Ես, իհարկե, պատկերացնում եմ` ինչ կարող է լինել, և դա իրականում չի կարող գաղտնիք լինել, որովհետև ես ծանոթ եմ Քաղաքացիական ավիացիային և ավիացիոն իշխանությունների աշխատանքին, ոլորտին և տրամաբանորեն կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Բայց քանի որ ես չեմ տեսել, կոնկրետ որևէ բան չեմ տեսել, ես իրավունք չունեմ ասել, թե ինչ հետևություններ կարող են լինել: Դրանք կարող են լինել` միայն կախված նշված դիտողությունների ծավալից և բարդությունից»,-ասել է Հակոբ Ճաղարյանը:

168.am-ի դիտարկմանը, թե երկիմաստ էր իր այն արտահայտությունը, որ ինքը ծանոթ է մեր ՔԱԿ ղեկավարության գործունեությանը, կարող է պատկերացնել, թե ինչ կարող է գրված լինել զեկույցում, վարչապետի խորհրդականն նշել է, որ ինքը ծանոթ է միայն մինիմալ պահանջվող ավիացիոն փաստաթղթերին:

«Իմ աշխատանքը ոչ թե նրանց վերահսկելն է, այլ վարչապետին խորհուրդներ տալը, թե ինչ է պետք մեր երկրին: Ես դա անում եմ պարտաճանաչորեն: Եթե ես իրավասություն ունենայի նրանց ստուգելու, ես կստուգեի: Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը իրավունք ունի նրանց ստուգել և ստուգել է: Նորից եմ կրկնում, ես մինչև չծանոթանամ զեկույցին, ոչ ոքի ոչինչ չեմ ասի, նույնիսկ իմ ղեկավարին»,-ասել է Հակոբ Ճաղարյանը:

 

կիսվել նյութով -