Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:
Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով։
Նշենք, որ ավելի վաղ էլ շրջակա միջավայրի նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ պարզաբանում էր տարածել և նշել, որ իրենց միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, և որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։