կարևոր
1438 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 19:35

Բադասյանը դիմել է իրավապահներին կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Այս մասին Ռուստամ Բադասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ»,- գրել է Բադասյանը։

Նախարարը նաև անդրադարձել է համաներման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցին։

«Այդ առումով տեղեկացնեմ, որ ներկայում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ, որը կազմում է ՔԿՀ ողջ լրակազմի ընդամենը 42.2 %-ը։ Իտալիայի քրեակատարողական հիմնարկներն ունեն 50 հազար 931 լրակազմ, սակայն դրանցում պահվում է 61 հազար 230 մարդ։ Իրանի բանտերում լրակազմը, ըստ 2018 թվականն ամփոփող պաշտոնական տվյալների, կազմում է 150 հազար, մինչդեռ, դրանցում պահվել է 240 հազար անձ։ ԵԽ քրեական տարեկան վիճակագրության խտության ինդեքսով ստացվում է, որ իտալական բանտերում բնակչության խտությունը կազմում է 120 %, իսկ Իրանում՝ 160 %: Այս պատճառով են նշված երկրները նախաձեռնել համաներման գործընթաց։ Նշածիցս երևում է, որ այս չափանիշով Հայաստանի իրավիճակը խնդրահարույց չէ»,- գրել է Բադասյանը։

Նշենք, որ ավելի վաղ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձի ազատ արձակման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հավելել, որ նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը և գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժօգնություն ստացող կալանավորված անձինք: Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։