24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց Ավագյանը:
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:
Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ: