կարևոր
898 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-03 16:53

Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և  խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը և իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը: 

Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ»,- գրել է Աբրահամյանը։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

«Հարկ ենք համարում  տեղեկացնել, որ միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը»,- գրել է Աբրահամյանը։