կարևոր
1358 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 16:49

Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել սահմանային անցակետերում

Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել սահմանային անցակետերում

Կորոնավիրուսային հիվանդության ռիսկային գոտում գտնվող երկրներից Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել: Այս մասին ապրիլի 3-ին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Մարտի 24-ից մինչ օրս սահմանային 7 հսկիչ կետերից 172 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել է, հասցեական քարտեր լրացրել է 24172-ը: Մարտի 19-ից սկսած ռիսկային գոտում գտնվող երկրներից ժամանած 11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր»,- ասաց Ավագյանը:

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ: